Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք` Արմեն Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա ¼ հասցեում գործող «Այզբերգ» կարաոկե ակումբի պարասրահում պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դիաննա Փ.-ին, ինչը նկատել է վերջինիս ամուսինը` Վ. Բադալյանը, դիտողություն է արել, սակայն Արմեն Ա.-ն, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վրդովվելով այդ հանգամանքից և արհամարելով պարասրահում գտնվող քաղաքացիներին` մասնավորապես Վ.Բադալյանին, Դ Փիրումյանին, Է. Վարդանյանին, իր անձի գերազանցությունը մյուսների հանդեպ ցուցադրելու խեղաթյուրված արտահայտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբի հաճախորդների նկատմամբ` նրանց ներկայությամբ վեճի է բռնվել Վ.Բադալյանի հետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները`արդեն ակումբի ծառայողական միջանցքում հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և բռնություն գործադրելով` քաշել է Վ.Բադալյանին, որի ընթացքում կոտրել է նաև ակումբի գույք հանդիսացող նարգիլեն, իսկ այնուհետև բռնություն գործադրելով` անհիմն հարվածներ է հասցրել այնտեղ մտած իր ծանոթ Աշոտ Կ.-ին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net