Ազգային ժողովը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, քննարկում է Բարձրագույն դատական խորհուրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հարցը:
Թեկնածուին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նշենք, որ ընտրվելու դեպքում Երվանդ Խունդկարյանը կպաշտոնավարի վեց տարի ժամկետով:
«Նշեմ, որ պարոն Խունդկարյանը 2001 թվականից է որպես դատավոր աշխատում: Բոլոր աստիճաններով բարձրացել է, այսօր վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է»,-նշեց նա:
Երվանդ Խունդկարյանը իր ելույթում անդրադարձավ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններց հետո վճռաբեկ դատարանի դերին:
«2015 թվականից հետո վճռաբեկ դատարանը ձեռք բերեց նոր գործառույթ, այն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները վերացնելը: Նշված գործառույթը ամբողջացնում է վճռաբեկ դատարանի, որպես բարձրագույն դատական ատյանի տեղն ու դերը թե՛ դատական իշխանության, թե՛ հանրային իշխանության մարմինների համակարգում»,-նշեց թեկնածուն:
Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ այժմ ՀՀ-ում վերջնական դատական ակտերի գերակշիռ մասը հիմնավորվում է վճռաբեկ դատարանի որոշումներով:
«Իրենց ամենօրյա աշխատանքում վճռաբեկ դատարանի որոշումներով են առաջնորդվում վարչական մարմինները, գործադիր գործառույթով օժտված հանրային իշխանության համակարգը, փաստաբանական համայնքը, ինչպես նաև դատախազությունն ու քննչական մարմինները: Վճռաբեկ դատարանի որշումներում արտահայտված դիրքորոշումները ուղենիշային են համարվում ոչ միայն իրավակիրառ պրակտիկայում, այլ նաև իրավաստեղծագործության ոլորտում՝ օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր ընդունելիս»,-նշեց նա: