8 օրում տուգանքը վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձը կարող է վճարել դրա 50 տոկոսը

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պատգամավոր Միհրան Պողոսյանը ներկայացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:

«Նախագծով առաջարկում եմ կատարել անչափ կարևոր լրացում, այն է վարչական ակտերի վճարման գործընթացում տրամադրել արտոնություն իրավախախտում կատարած անձանց: Առաջարկս հետևյալն է. վարչական իրավախախտում կատարած անձիք վարչական ակտը ստանալու օրվանից 8 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում սահմանված գումարի 50 տոկոսը իրավունք կունենան չվճարել: Սակայն սա չի վերաբերում բոլոր վարչական ակտերին, կան բացառություններ, օրինակ՝ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը կամ այնպիսի խախտումներ, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ հանրության համար»,-նշեց պատգամավորը:

Որպես հիմնավորում Միհրան Պողոսյանը նշում է, որ հարցին այսպիսի լուծում տալը կթեթևացնի թե՛ դատարանների և թե՛ ԴԱՀԿ-ի ծանրաբեռնվածությունը:

Միհրան Պողոսյանին հարց ուղղեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանը մտահոգված էր, թե արդյո՞ք վարորդների կողմից կատարված խախտումների դեպքում ծանուցումը, որը հիմք է դառանալու այդ 8-օրյա ժամկետի հաշվարկման համար, տարընթերցումների առիթ չի տա. «Ծանուցվեց, չծանուցվեց: Մենք այսպիսի խնդիրներ չեն ունենա, չէ՞»:

«Այսօր հստակ կանոնակարգված է ծանուցումների մեխանիզմը և արդեն անցյալում է այն խնդիրը, թե ծանուցվել է իրավախախտում կատարած անձը, թե՝ ոչ: «Ազդարար» համակարգի միջոցով անձը կարող է իմանալ, թե երբ է կատարել խախտումը և երբ է այդ 8 օրը անցնում»,-նշեց Միհրան Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել