Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կողմից առաջադրված Կենտրոնական բանկի անդամի թեկնածուին:
Միակ թեկնածուն Մարտին Գալստյանն է:
«Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Նա բավականին լուրջ աշխատանքային ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է եղել: Այդ դպրոցը դարձել է մեր պետության բրենդերից մեկը: Պարոն Գալստյանի թեկնածությանը մեր հանձնաժողովը միաձայն կողմ քվերակեց: Ես հորդորում եմ նաև ձեզ կողմ քվերակել նրա թեկնածությանը»,-նշեց Գագիկ Մինասյանը:
Թեկնածուին հարց ուղեեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
«Երբ մարդիկ վարկ են վերցնում, բացի այն տոկոսադրույքից, որը ԿԲ սահմանել է վերին շեմ, տարբեր ծառայությունների համար նույնպես վերցվում է վարձավճար, որը էապես մեծացնում է տոկոսադրույքը: Եվ երկրորդ հարցը. շուկայում այսօր բացի վարկային կազմակերպություններից, գրավատներից գոյություն ունենա նաև, այսպես կոչված, միջնորդ կազմակերպություններ: Ես չեմ հասկանում, այդ միջնորդ կազմակերպությունների մասին ԿԲ տեղյա՞կ է, դա լիցենզավորվում է, թե՝ ոչ, թե դրանք ուղղակի շուկայում հայտնված ծովահեններ են, որոնք որսում են այն քաղաքացիներին, ու այս կամ այն բանկը մերժում է վարկ տալ և այդ նույն վարկը միջնոդ կազմակերպությունը այդ նույն բանկից ձևակերպում է քաղաքացու համար և վերցնում 30 տոկոս միջնորդավճար: Դուք տեղյա՞կ եք դրամ մասին»:
Ի պատասխան Հովիկ Աղազարյանի առաջին հարցի՝ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե վարկերի, թե ավանդների տոկոսադրույքները էապես նվազել են, որի արդյունքում սպրեդը, որը ցույց է տալիս բանկի կողմից շահույթ ստանալու հնարավորությունը, էապես նվազել է:
«Բանկերի եկամտաբերությունը, ըստ իրենց ակտիվների և կապիտալի, նախորդ տարիների ընթացքում, տատանվել է 6-7 տոկոսի շրջանում: Բանկը շահույթ հետապնդող կազմակերպություն է, ուստի ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում տոկոսադրույքները ՀՀ-ում անշեղորեն նվազել են: Այստեղ կարող է նաև ռիսկ առաջանալ, որ բանկերի շահույթը բավարար չէ իր այդ բիզնես հետաքրքրությունները բավարարելու տեսանկյունից»,-նշեց Մարտին Գալսյանը:
Միջնորդ կազմակերպությունների գործունեությանը ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն բացասական է վերաբերվում: Նա կարծում է, որ ԿԲ-ն, որպես պետության կողմից հիմնադրված ինստիտուցիոնալ կառույց ստեղծվել է հենց գործունեությունը լիցենզավորելու համար:
«Ինչ վերաբերում է այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք գործում են օրինականության դաշտից դուրս, ապա դա, իմ կարծիքով, օրինականություն հաստատող մարմինների խնդիրն է, որին անպայման պետք է հետամուտ լինել»,-նշեց Մարտին Գալսյանը:
Թեկնածուին հարց ուղղեց նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ու հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ վարկային տոկոսադրույքները էլի ավելի նվազեցնել:
Մարտին Գալսյանը նշեց, որ այն տոկոսադրույքի քաղաքականությունը, որը իրականացնում է Կենտրոնական բանկը, օպտիմալ է:
«6 տոկոս տոկոսադրույք ունենալը Հայաստանի նման երկրում լրիվ համահունչ է գնաճի նպատակադրման թիրախին, որին մենք ուզում ենք հասնել»,-նշեց Մարտին Գալսյանը:
ԿԲ անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին: