Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի ձևը:
Հրամանի համաձայն՝ հոգեբուժական կազմակերպությունների տնօրենները պետք է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկումը կազմակերպեն և իրականացնեն:
Հրամանը ստորագրվել է օգոստոսի 7-ին, ուժի մեջ կմտնի սեպտոմբերի 13-ին:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր անձ պետք է իրազեկվի իր իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին:
2. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքով, պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա: Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
8) ստանալու իրավաբանական օգնություն.
9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.
13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է պացիենտին ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների.
17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
19) հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:
4. Սույն թերթիկի 3-րդ կետի 1-5-րդ, 15-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 16-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից: Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը, և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
5. Առավել մանրամասն տեղեկատվություն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձի իրավունքների ինչպես նաև դրանց իրականացման ընթացակարգերի վերաբերյալ ներկայացված է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում:
Պացիենտին իր իրավունքների մասին իրազեկեցի և տրամադրեցի իրազեկման թերթիկը`
____________________________________________________
_________________________
անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն | ստորագրություն |
Իրազեկվեցի իմ իրավունքների մասին և ստացա իրազեկման թերթիկը`
____________________________________________________
_________________________
անուն, ազգանուն, հայրանուն, | ստորագրություն |
« »_________________20