ԼԳԲՏ ակտիվիստներին առաջին բուժօգնություն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ բաց վերքեր չունեն. «Փինք Արմենիա» ՀԿ

«Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին, 20:00-ի սահմաններում կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏ ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման:

Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում երկու տղամարդ կանգնեցրել են ԼԳԲՏ երկու ակտիվիստի՝ Է.-ին և Հ.-ին, ճանաչելով նրանցից մեկին, հարվածել են, ինչի արդյունքում Հ.-ի քթից արյուն է եկել: Այնուհետև մյուս ակտիվիստին ասել են, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ: Այս դեպքի առիթով տուժողները հաղորդում էին ներկայացրել Գորիսի ոստիկանություն, սակայն մինչ օրս գործով որևէ զարգացում հայտնի չէ:

Օգոստոսի 2-ին Հ.-ն Է.-ին և ևս յոթ ընկերների հյուրընկալել էր Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղի իրենց տանը: Նույն օրը տեղի բնակիչները տան ուղղությամբ նետել են քարեր, ճայթուցիկներ, անվադողեր:

Օգոստոսի 3-ին ժամը 20:00-ի սահմաններում Գորիսում հարձկված երկու երիտասարդները եկել են Հ.-ի տան մերձակայք ու նրան ագրեսիվ տոնով դուրս հրավիրել` «խոսելու»: Հ-ն և նրա հյուրերը նկատել են, որ շրջակայքում պատսպարված են եղել նաև տասնյակ մարդիկ: Հ.-ն տանից դուրս չի եկել. միջամտել են նրա եղբայրն ու հայրը: Ինչ-որ պահի բոլորը դուրս են եկել տնից ու սկսվել է լեզվակռիվ: Երկու տղամարդկանց են միացել  պատսպարվածները և այլ գյուղացիներ՝ ավելի քան 30 հոգի, ու բռնության ենթարկել Հ.-ին և նրա հյուրերին՝ հարվածել են  ոտքերով, ձեռքերով, հրել են զառիվայրից, քարեր են նետել նրանց ուղղությամբ՝ բղավելով «գոմիկներ հեռացե՛ք», «դուք թուրք եք» և հայհոյախառն արտահայտություններ՝ կապված Հ.-ի և նրա հյուրերի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ: Տուժողները 20:25-ի սահմաններում ահազանգել են ոստիկանություն:

Տուժողները ստիպված փախել են դեպի մայրուղի, սակայն նրանց հետապնդել են՝ ընթացքում շարունակելով ծեծի ենթարկել: Տուժողները փորձել են մեքենա կանգնեցնել օգնություն խնդրելու համար: Հարձակվողները կանգնող մեքենաներին թույլ չեն տվել օգնել տուժողներին, ասելով.  «սրանց մի՛ տարեք, սրանք գոմիկներ են»: Ինչ-որ պահից, գյուղի վերջնամասում նրանք դադարել են հետապնդել տուժողներին:

21:30-ի սահմաններում տուժողները, որոնք դեռ փորձում էին օգնություն գտնել անցնող մեքենաներից, հանդիպել են դեպի իրենց շարժվող ոստիկանական մեքենային: Ոստիկանները առաջարկել են հետ վերադառնալ գյուղ՝ պարզաբանումներ անելու: Սակայն տուժողները հրաժարվել են՝ խնդրելով իրենց տանել Գորիս: Ի վերջո ոստիկանը կանգնեցրել է պատահական ավտոբուս, որով նրանք տեղափոխվել են քաղաք:

Տուժածներից 6-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ միջին և թեթև մարմնական վնասվածքներով: Նրանցից 2-ին առաջին բուժօգնություն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ բաց վերքեր չունեն:  Իսկ տուժածներից  երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին  բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով:

Տուժածները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ոստիկանության Գորիսի բաժնում, տվել են համապատասխան բացատրություն դեպքի առնչությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք նաև, որ ՄԻՊ-ը տեղեկացվել է դեպքի մանրամասներին, սակայն տուժողներից որևէ մեկի հետ կապի չի հաստատել: Երեկ երեկոյան, համաձայն ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել