«Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ հնչած կրակոցների հետևանքով մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

2018թ. հուլիսի 23-ին՝ ժամը 23:10-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ զստային շրջանի հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչը՝ ծնված 1991թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է «Էրեբունի բժշկական կենտրոնի» մոտակայքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի 3 պարկուճ, որոնք, փորձագետի նախնական դիտարկման համաձայն, հանդիսանում են ատրճանակի տրավմատիկ պարկուճներ:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ստեղծվել քննչական խումբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության ժամանակ աջ նստային շրջանի կույր վերքից հեռացված 6.5 մմ տրամագծով գնդաձև սև ռետինե գնդակը։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել