Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է« որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, սակայն կապալառուն` օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից` կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ երկուսուկես միլիարդ դրամ: Այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը« որի արժեքը կազմել է 850 միլիոն դրամից ավելի: Չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ:
Հարուցվել է քրեական գործ: