Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ՝ համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք․ վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին առաջարկել է ձեռնպահ մնալ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծի ընդունումից: Դրանով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչև 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:

Գործադիրը գտնում է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է, և հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն վերոնշյալ խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին: Կառավարության գնահատմամբ՝ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցառումներ բյուջետային եկամուտների վերոնշյալ կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ:

Կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գործադիրը գտնում է, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Անդրադառնալով ներկայացված նախագծերին՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում նախապատրաստում է էական փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական, ներդրումային միջավայրի բարելավումը: «Մինչև աշուն պետք է աշխատենք փոփոխությունների վրա, լավ կլինի, որպեսզի փորձենք առաջարկների հոսք ապահովել: Պետք է փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավենք, որպեսզի ունենանք ռացիոնալ և փոխլրացնող առաջարկների շղթա: Նախորդ շաբաթ օրը Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում շատ լուրջ քննարկում տեղի ունեցավ նաև այս թեմայի շուրջ: Արձանագրեցինք, որ այստեղ պետք է «դուխով» փոփոխությունների գնանք: Ի վերջո, ճիշտ եզրահանգման ենք եկել, որ Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ հետազոտական, համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք: Աշնանը պետք է փաթեթն Ազգային ժողով ուղարկել, որովհետև գործարար դաշտն անհամբերությամբ սպասում է այս փոփոխություններին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել