Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատման առնչությամբ առաջընթացի հաշվետվությունը. ԿԲ

Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի՝ 2015 թ. ՖԱԹՖ-ի 2013 թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ, ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և ռիսկահենք մոտեցման կիրառությունը), 7-րդ (Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանն առնչվող թիրախային ֆինանսական պատժամիջոցները) և 8-րդ (Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները) հանձնարարականների իրագործման ուղղությամբ։
Մասնավորապես
•        ՖԱԹՖ 1-ին հանձնարարականի մասով Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ազգային ռիսկերի գնահատման (ՌԱԳ) վերանայված մեթոդաբանությունը, որի հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերանայվել են ՌԱԳ մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ՓԼ սպառնալիքները և միտումները, լատենտային հանցավորությունը, անդրսահմանային հոսքերը, ստվերային տնտեսության և կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՓԼ/ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկը:
•        ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի մասով Մշակվել և ՀՀ ազգային ժողովի կողմից ս.թ մարտի 1-ին ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման առնչությամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարտականությունը։
•        ՖԱԹՖ 8-րդ հանձնարարականի մասով Իրականացվել է ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկայնության ուսումնասիրություն ըստ վերջինների գործունեությունը կարգավորող օրենքների, ինչպես նաև ըստ ԱՖ տեսանկյունից ռիսկային երկրների հետ հնարավոր առնչությունների:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել 2015 թ. գնահատման հաշվետվությամբ վերհանված՝ տեխնիկական համապատասխանությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի արդյունքում որպես «մասամբ համապատասխանող» գնահատված 5 հանձնարարականից 2-ը (Հանձնարարականներ 1 և 7) վերագնահատվել են որպես «հիմնականում համապատասխանող»։ Եվս մեկ հանձնարարականի (Հանձնարարական 8) գնահատականը «հիմնականում համապատասխանող»-ից բարձրացվել է «համապատասխանող»:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել