Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի գործով կասկածյալը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 4-ին ՀՀ 3-րդ նախագահի երբորորդուն՝ Հայկ Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ սպանության փորձ կատարելու մեջ։

Իրավաբան.net-ը ներկայացնում է, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի գործով կասկածյալը:

Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:

Կասկածյալը, քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

• իմանալ` ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը.
• ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
• ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը.
•  ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
• առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման՝ բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
• հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
• տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց.
• տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
•  արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացնելու արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե  քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
•  ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար.
• հայտնել բացարկներ.
•  հարուցել միջնորդություններ.
• առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
• իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե օրենքով  այլ բան նախատեսված չէ.
• ծանոթանալ այն քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները.
• բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.
• հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
• ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
•  Կասկածը չհաստատվելու դեպքում կասկածյալը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:
• Կասկածյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին:

Կասկածյալն ունի նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ:

 Կասկածյալը պարտավոր է`

• ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
• լինելով ձերբակալված` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել զննման, ինչպես նաև անձնական խուզարկության.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ.
• քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության.
• ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին:

Անչափահաս կամ անգործունակ կասկածյալի իրավունքները նրա փոխարեն, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել