Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը օրենսդրական նոր նախագիծ է ներկայացրել:
Նախագծում նշվում է, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովելու համար բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պետք է պատճառել հետազոտվողին և գործատուին: Իրավական այս ակտով հստակեցվում է նաև հետազոտությունների մեթոդաբանությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 06 հուլիսի 2007 թվականի N 823-Ն որոշման գործադրումից հետո և 2008-2010թթ. ընթացքում ելնելով Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վիրուսային հեպատիտ Ց-ի արձանագրված դեպքերը, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրականացնել փոփոխություններ և լրացումներ` վերը նշված կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով:
Ուսումնասիրելով ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2544-Ա և 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 182-Ա հրամանների պահանջի համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացված ուսումնաիրության արդյունքները` առաջարկվում են փոփոխություններ, որոնց շնորհիվ բժշկական հետազտությունները կլինեն առավել նպատակային, հետազոտվողին հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս կպատճառեն, լաբորատոր հետազտությունների քանակը կկրճատվի, կհստակեցվի դրանց մեթոդաբանությունը, միևնույն ժամանակ բժշկական զննությունների շնորհիվ հնարավոր առավելագույն չափով կապահովվի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը:
Առաջարկվող նախագծում, հաշվի առնելով վարակի փոխանցման ռիսկը, փոփոխության են ենթարկվել նաև բժշկական զննության ենթակա գործունեության ոլորտների ցանկը, հաշվի է առնվել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական բժշկական հաստատությունների տնօրենների խորհրդի գրությունը և, ոսումնասիրելով վարակի փոխանցման հավանականությունը, ուսումնական հաստատությունների ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների բժշկական զննությունները հանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.03թ. N 347-Ն որոշման Հավելված 2-ից: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության էր ներկայացրել ՀՀ կառավարության 347-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում էր երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային հաստատությունների աշխատողներին բժշկական զննությունների ցանկում ընդգրկելուն: Նշված առաջարկությունը ներառվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակված նախագծում:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան սահմանվել է կարգ, որը կհստակեցնի գործատուի պատասխանատվությունը աշխատակիցների պարբերական բժշկական զննությունների որակյալ և ժամանակին իրականացման համար:
Արտաընդերային հեպատիտների նկատմամբ ռիսկի քանակակազմի հետազոտությունները ներառվել են բժշակական զննություններում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2014-2015 թվականների ընթացքում արձանագրվել է ներհիվանդանոցային վարակման վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, իսկ այսօր, համաձայն ԱՀԿ նոր մոտեցումների, վիրուսային հեպատիտ «Ց»-ի դեմ պատվաստանյութ չլինելու և հիվանդության անախտանիշ ընթացքի պատճառով իրականացվում են կանխարգելման ունիվերսալ միջոցառումներ, որոնց շարքում են նաև ռիսկի ենթակա քանակակազմի մշտական հետազոտությունները և ռիսկի քանակակազմում հիվանդացության ուսումնասիրությունը: