Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան

Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, հայտնում են քննչական կոմիտեից:

2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենս», «Նիվա»  և «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մելկի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ Ա.Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես բենս», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Իսոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել