Անընդունելի ենք համարում առանց մեզ հետ համաձայնեցման Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլատրումը. մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարության, որտեղ նշում է, որ անընդունելի են համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման եւ համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Հայտարարությունում նշվում է.

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երեւանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է եւ կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:

Նախարարությունը գտնում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Միաժամանակ, կարեւոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ եւ նրա արձանի կառուցման խնդիրը Երեւան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման եւ համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաեւ Երեւան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է հունիսի 28-ին՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել