Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանը դեռ հետախուզման մեջ է: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալման որոշումը չի չեղարկվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 18-ին ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով: