Պրոբացիայի պետական ծառայությունը պատրաստակամ է աջակցել «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի իրականացմանը

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի ղեկավար, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ:

Կողմերը քննարկել են «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի համատեքստում Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցության շրջանակները:

Արտակ Կիրակոսյանը ծառայության պետին է ներկայացրել ծրագրի ժամանակացույցը, նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները: Արտակ Կիրակոսյանը առանձահատուկ ընդգծել է ծրագրի՝ Պրոբացիայի ծառայության գործառույթների նկատմամբ հասարակական մշտադիտարկում իրականացնելու տարրը:  

Արսեն Նավասարդյանը ողջունել է նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը և իր հերթին կարևորել է հասարակական մշտադիտարկման իրականացումը՝ մասնավորապես մարզային ՀԿ-ների ներգրավմամբ, ինչը, նրա համոզմամբ, դրական կանդրադառնա Պրոբացիայի պետական ծառայության գործունեության վրա:

Նշենք, որ «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի իրականացման համար ենթադրամաշնորհ է հատկացվել «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, «Աստղացոլք» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Ընտանիք և համայնք» ՀԿ):

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել