Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ  N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը 2016- 2018թթ. ընթացքում կաշառքի շորթմամբ անհատ ձեռնարկատիրոջ օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար ստացել է գումար:

Մասնավորապես՝ պարզվել է, որ փոխգնդապետը 2016թ. ամռան ամիսներին զորամասի տարածքում գործող ՓԲԸ-ի խանութ-թեյարանում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ գումար՝ որպես կաշառք, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո փոխգնդապետը սպառնացել է վերադաս հրամանատարության միջոցով դադարեցնել խանութ-թեյարանի գործունեությունը և արգելել նրա մուտքը զորամաս, որի պատճառով 2016թ. սեպտեմբերի 1-ից 30-ը խանութ-թեյարանի գործունեությունը կասեցվել է:

Անհատ ձեռնարկատերը խանութ-թեյարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար պարտադրված համաձայնության է եկել փոխգնդապետի հետ և 2016թ. հոկտեմբերից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս ինչպես բանկային փոխանցման միջոցով, այնպես էլ առձեռն գումար է փոխանցել զորամասի հրամանատարին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

Փոխգնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել