Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորի բաժինը գողանալու կասկածանքով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է, թե մասնավորապես ինչի համար է Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

Նա նշել է, որ պատգամավորը միայն ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ չի մեղադրվում:

«Այս ընթացքում եղել են մեկնաբանություններ, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է: Ոչ ոք դա չի ժխտում: Այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է: Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երևանի դպրոցականների կողմից զորամասում և ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին, արջերին, վագրերին, շներին և այդպես շարունակ: Կրկնում եմ, ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել,  անձի մեղավորությունը կամ անմեղությունը որոշում է դատարանը, բայց ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ ձերբակալությունը կապված չէ միայն զենք զինամթերք պահելու կասկածների հետ»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ բացի վերոնշյալը առկա են կասկածներ, որ յուրացվել են բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ ավտոմեքենաներ: «Բացի այս, այսօր, երբ մեր բանակը սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչո՞ւ մեկ մասնավոր անձի տիրապետության տակ պետք է լինի ահռելի քանակությամբ զենք և զինամթերք»:

Փաշինյանը նշել է, որ այն Հայաստանում, որտեղ ինքն է վարչապետը, այսպիսի երևույթներ չեն լինելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել