Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացնում է ոստիկանության և լրագրողների միջև եղած միջադեպերը՝ «թավյա հեղափոխությունից» հետո:
ՀՔԾ-ն երեք շաբաթում ավարտել է նախքննությունը
2016 թվականի օգոստոսի 1-ին այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն այլևս բացառված են…
Սակայն 2018 թվականի ապրիլի 13-ից ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության, իսկ այնուհետև Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունները ցույց տվեցին, որ դա այնպես չէ:
Մայիսի սկզբին ՀՀ դատախազությունն ամփոփ միջանկյալ տեղեկատվություն է տարածում ապրիլի 13-ից ապրիլի 23-ը լրագրողների նկատմամբ առերևույթ հանցագործունթյունների դեպքերով: Համաձայն այդ տեղեկատվության` արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք: Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, որոնցից 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր։ Հարուցված 11 գործերից երկուսը պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով նախատեսված մեղադրանքներ, ևս հինգ գործով Դատախազության հանձնարարությամբ իրականացվում են լրացուցիչ ստուգումներ:
Հարուցված գործերից մեկով՝ լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործով մայիսի 23-ին ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից տեղականում ենք, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Փաստենք, որ 2018 թվականին 2015 թվականի համեմատությամբ զգալիորեն արագացել է նախաքննական փուլը: Եթե 2015 թվականի դեպքերից հետո ՀՀ ՀՔԾ-ին մեկ տարուց ավելի պահանջվեց մեղադրանք ներկայացնելու համար, ապա այս դեպքում առնվազն մեկ գործի դեպքում նախաքննությունը տևեց 3 շաբաթ:
Լիահույս լինենք, որ «Նոր Հայաստանում» լրագրողները մասնավորապես, և ՀՀ քաղաքացին՝ առհասարակ, ստիպված չեն լինելու տարիներ սպասել արդարադատությանը, իսկ արդարադատությունն էլ ընտրողական և խտրական չի լինի:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։