Վերջին տարիներին Հայաստանում խաղաղ հավաքների ժամանակ շնորհիվ լրագրողների անձնուրաց աշխատանքի՝ հանրությունը հնարավորություն է ստանում հետևելու դրանց ընթացքին և իրավապահ մարմինների գործողություններին: Սակայն, ինչպես ցույց են տալիս դեպքերը, ակցիաների լուսաբանումը հաճախ լի է վտանգներով լրագրողների համար: Վերջիններս, այդ թվում նաև իրենց գնահատմամբ, նպատակաուղղված թիրախավորվում եմ և այն էլ ոչ միայն քաղաքացիական հագուստով անձանց, այլ նաև քաղաքացիների անվտանգության երաշխավոր՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից:
2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ում լսվում էր «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Ի թիվս այլ հարցերի, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատախազին ուղղեց լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով քրեական գործերի ընթացքի, պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի վերաբերյալ հարցը, ինչին դատախազը պատասխանեց, որ 2015 և 2016 թվականների դեպքերով դատի են տրվել ոստիկանության 4 աշխատակիցներ և քաղաքացիական 8 անձինք:
Վերհիշենք, թե քանի լրագրող է ճանաչվել տուժող և քանի անձ ու ինչպիսի պատասխանատվության է ենթարկվել 2015 թ.-ի հունիսին Բաղրամյան պողատայում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ «Էլեկտրիկ Երևանի» և 2016 թվականի հուլիսին Սարի թաղի դեպքերով:
Լրագրողները որպես թիրախ
2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի հետևանքով բռնության ենթարկվեցին նաև լրագրողներ, դիտավորյալ ոչնչացվում էին տեսաձայնագրող սարքերը, տասնյակ ցուցարարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ ստացան մարմնական վնասվածքներ: Այդ օրը ֆիզիկական բռնության ենթարկվեց ԶԼՄ 13 ներկայացուցիչ, ևս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց սարքավորումները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու և այլ միջոցներով:
Լրագրողների մասնագիտական գործունեության լայնածավալ խոչընդոտման հաջորդ փաստն արձանագրվեց 2016 թվականի հուլիսի 17-31-ը: 12 լրատվական ծառայությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այդ օրերին ենթարկվեցին բռնության ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վնասվեց նրանց տեխնիկան, ոչնչացվեցին լրատվական նյութերը: Իսկ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժեց 20-ից ավել լրագրող: Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, այդ օրվա դեպքերով տուժող է ճանաչվել 19 լրագրող:
Ոստիկանության գործողությունների գնահատականը
Լրագրողների նկատմամբ բռնության փաստերը, այդ թվում ոստիկանության աշխատակիցների կողմից, արձանագրված են ոչ միայն տեսախցիկներով և ԶԼՄ ներկայացուցիչների խոսքերով, այլ նաև ՄԻՊ՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցում: Այն, որ լրագրողների նկատմամբ կարող էր դիտավորյալ կերպով ուժ կիրառվել, այդ օրերին չի բացառել նաև Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Ավելին՝ այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի օգոստոսի 1-ին հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել լրագրողներից «…Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու»:
2016 թվականին հուլիսին ոստիկանության կողմից լրագրողներին թիրախավորելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու և այդ դեպքերով պետության կողմից որևէ պաշտոնյայի պատասխանատվության չկանչելու փաստն արձանագրված և քննադատված է նաև 2017 թվականի ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցում, ինչպես նաև Freedom House-ի Հայաստանի վերաբերյալ 2016 և 2017 թվականների զեկույցներում, Խոշտանգումների Զոհերի Միջազգային Վերականգնողական Խորհրդի, «Լրագրողներ առանց սահմանների» և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից:
Իրավական արտացոլումը
Լրագրողի՝ մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Ընդ որում, հոդվածի 1-ին մասը սանկցիա է սահմանում քաղաքացիական անձանց նկատմամբ, իսկ 2-րդ մասը՝ պաշտոնատար անձի:
Իսկ քանի՞ անձ է պատասխանատվության կանչվել 2015 թվականին Բաղրամյան պողատայում և 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով:
Բաղրամյան պողոտայում 2015 թ.-ի հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի նախաքննությունը շարունակվեց մեկ տարուց ավել և միայն 2016 թվականի Սարի թաղի դեպքերից մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 7-ին քրեական գործ հարուցվեց ոստիկանության 2 աշխատակցի նկատմամբ, իսկ երկու օր անց՝ ևս 2 ոստիկանի նկատմամբ: Այսպիսով, նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք առաջադրվեց լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու (ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մաս) և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 1-րդ մաս) դեպքերի համար:
Մեղադրական եզրակացությունից ևս կես տարի անց՝ 2017 թվականի փետրվարի 20-ին, կայացվում է դատավճիռը, ըստ որի՝ ոստիկանության 3 ծառայողներ մեղավոր են ճանաչվում ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 1-ի մասով, իսկ 4-րդ պաշտոնյան, որը ոստիկանության փոխգնդապետ է, սակայն, ըստ իր ցուցմունքի, Բաղրամյան պողատա էր գնացել ոչ թե ի պաշտոնե, այլ՝ որպես քաղաքացիական անձ, մեղավոր է ճանաչվում ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ի մասով: Ի դեպ, թեև ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նաև ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, բոլորի նկատմամբ նշանակվում է տուգանք պատիժը։
Սարի թաղում 2016 թ.-ի հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերից հետո լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստով ՀՔԾ-ում որևէ քրեական գործ որևէ պաշտոնյայի նկատմամբ չի հարուցվել, բոլոր հարուցված գործերը բացառապես քաղաքացիական անձանց նկատմամբ էին: Քրեական գործեր էին հարուցվել 8 անձանց նկատմամբ, որոնցից 3-ի նկատմամբ պատիժ էր սահմանվել տուգանքը, 5-ի նկատմամբ՝ տուգանքն ու ազատազրկումը մեկ տարով, որոնցից մեկի նկատմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվեց փորձաշրջան` մեկ տարի ժամկետով։
Փաստորեն չնայած նկարագրված դեպքերով բռնության բազմաթիվ, տեսաձայանագրվաժ, արձանագրված փաստերի, տուժող ճանաչված 41 լրագրողի՝ պատասխանատվության ենթարկվեցին ոստիկանության 3 ծառայողներ և 9 քաղաքացիական անձինք:
Նման արդյունքն առնվազն տարօրինակ է. օրինակ` մինչ օրս անհասկանալի է, թե ինչ հիմքով, ում հրահանգով, ինչից դրդված էին քաղաքացիական հագուստով անձինք խոչընդոտում լրագրողների գործունեությանը, բռնություն կիրառում նրանց նկատմամբ, գողանում և վնասում սարքավորումները:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։
Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ