2018 թվականի ապրիլի 1-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը ուժը կորցրած կճանաչվեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ:

Նախագծով՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերափորձաքննությունը չի կատարվում, բացառությամբ այդ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու կամ դատարանի որոշմամբ սահմանված դեպքերի (անժամկետ հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ վարչական ակտը վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ չի վերանայվում), եթե հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։

2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը, բացառությամբ անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի կամ դատարանի որոշման հիման վրա իրականացված վերափորձաքննությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի, ընդունվելու օրվանից ճանաչվում են ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով այն վարչական ակտերը, որոնց իրավաչափությունը վիճարկել է վերադաս վարչական մարմինը։

Ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ։

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։

Նախարարությունը հիմանվորման մեջ նշել է, որ նախագիծն ընդունվելու դեպքում.

  • անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի հսկողական վերափորձաքննություն չի կատարվի՝ եթե հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
  • 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից կճանաչվեն ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով նախկին որոշումները։ Ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները կվճարվեն քաղաքացիներին։

Սահմանվում է նաև, որ վերը նշված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել