Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ մայսիս 31-ին, «Սասնա ծռեր»-ի գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Մանվել Աթոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
«Մեղադրյալ Մանվել Աթոյանին անհապաղ ազատել կալանքից, կիրառել գրավ՝ 1 միլիոն դրամի չափով»,-նշել է դատավորը։
Հիշեցնենք, որ Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի 158 հասցեում տեղակայված, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, ոստիկաններ պատանդ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: