Մի խումբ անձանց արգելվեց նախընտրական քարոզչություն կատարել. տուգանք է նախատեսվել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8-րդ հոդվածի համաձայն, որը ուժի մեջ է մտնում հունիսի 9-ին, քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը` կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-400 հազար դրամի չափով:

Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական և մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200-400 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`400-800 հազար դրամի չափով:

Օրենքն ընդունվել է մայիսի 4-ին:

Հիշեցնենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել