ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին որոշումներ է ստորագրել, որով Նազենի Ղարիբյանին նշանակել է մշակույթի նախարարի տեղակալ։
Նշենք, որ Նազենի Ղարիբյանը հայտնի եգիպտագետ Քրիստիան Թյութունջյան դը Վարդավանի կինն է:
Կենսագրություն
Նազենի Ղարիբյան դը Վարդավանը ծնվել է 1965 թվականին Երևանում: 1988 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը: Սիրարփի Տեր-Ներսեսյան հիմնադրամի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է արվեստաբանական, պատմա-բանասիրական և լեզվական ուղղություններով: 1989-1996 թվականներին դասավանդել է (ընդհատումներով) նույն ինստիտուտում: 1991-1993 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանիԲարձրագույն կրթության դպրոցում, ստացել խորացված հետազոտությունների վկայագիր (DEA): 1993-1999 թվականներին աշխատել է հայաստանյան մամուլում («Ազգ», «Մոլորակ», «Նոր ուղի», «Առավոտ» թերթեր), Ռազմավարական և ազգային հետազոտությունների, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոններում, դասավանդել ԵՊՀ-ում (Եգիպտագիտության հայկական կենտրոն), 1989 թվականին՝ Սորբոնի համալսարանում:
Առաջարկել է եկեղեցիների տիպաբանական ուսումնասիրության նոր գիտական մեթոդ: Հեղինակ է «Գաղափարախոսության բյուրեղացման ուղին բյուզանդական և խորհրդային կայսրությունների օրինակով» (1995), «Քրիստոնեական տաճարի ծնունդը և Հայաստանի առաջին եկեղեցիները» (ֆրանսերեն, 2007) գրքերի: