Գործադիրը կքննարկի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հարցը

Հունիսի 1-ին կառավարությունը կքննարկի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված նախագիծը։

Որոշման նախագծի նպատակը՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացված 458 միլիոն 118 հազար դրամ հատկացումների հաշվին ծրագրի շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի ամրագրումն է:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 միլիարդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր,

Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Նշված գումարից 1 միլիոն 882 հազար դրամը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ առանձնացվել է ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) նախկին սեփականատերերին վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման՝ պայմանագրերի նոտարական վավերացման համար:

Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում ամրագրել մնացած 458 միլիոն 118 հազար դրամի հաշվին իրականացվելիք միջոցառումները:

Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցներից 451 միլիոն 919 հազար դրամն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարված ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված մնացած 6,199.0 դրամը նախատեսված է մինչև տարեվերջ օգտագործել ծրագրի շրջանակներում ծագած այլ խնդիրների կարգավորմանը:

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցված թվով 31 բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն առկա են շինարարական թերություններ, որի պատճառով այդ գույքերը դեռևս գրանցված չեն կառուցապատողի անվամբ:

Թերությունները վերացնելուց և բնակելի տների նկատմամբ կառուցապատողի սեփականության իրավունքը գրանցելուց հետո այդ բնակելի տները պետք է օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Լոռու մարզպետարանի:

ՀՀ Լոռու մարզպետարանն այդ բնակելի տների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո դրանք պետք է հանձնի ծրագրի շահառուներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր:

Նշված առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերցաման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների գրանցման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցերը նախատեսվում է  կարգավորել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

Այդ պարագայում, ծրագրի իրականացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների մնացորդային չօգտագործված միջոցների չափը վարջնականապես կճշտվի և դրանք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու հետ կապված հարցերը կկարգավորվեն այդ որոշման շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել