Կառավարությունը արդարադատության նախարարությանը գումար կհատկացնի՝ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն

Կառավարության հերթական նիստին՝ հունիսի 1-ին, գործադիրը որոշում կընդունի արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին։

Այս որոշման ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ  21791/12 գանգատ) 2018 թվականի ապրիլի 5-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 865 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 5-ն է:

Գործով դիմումատուն գանգատվել է այն մասին, որի իր նկատմամբ իրականացված քրեական վարույթի տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետ» պահանջին:

Եվրոպական դատարանը նշել է, որ սույն գործով նախաքննության փուլը, ինչպես նաև բողոքարկման փուլը բավականին արագ են ավարտվել, սակայն առաջին ատյանի դատարանում դատաքննությունը տևել է մոտ չորս ու կես տարի: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը չէր ցուցաբերել տևական անգործություն և գործի քննությունը, պայմանավորված դրա բնույթով և ներգրավված տուժողների ու վկաների քանակով, որոշակի բարդություն էր ներկայացնում, այնուամենայնիվ Եվրոպական դատարանը նկատել է, որ դատական նիստերը հետաձգվել են 136 անգամ, դատական քննության մեկնարկից մեկ տարի և երեք ամիս անց գործի քննությունը վերսկսվել է, մեղադրանքները պարբերաբար փոփոխվել կամ նոր մեղադրանքեր են առաջադրվել: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը վկայակոչել է իր նախադեպային իրավունքն առ այն, որ պայմանավորվող պետությունները պետք է իրենց դատական համակարգերը կազմակերպեն այնպես, որ դատարանները գործեր քննելիս կարողանան բավարարել 6-րդ հոդվածով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջը (տես, օրինակ, Լուֆենի հունական կաթոլիկ ծուխը և այլոք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], թիվ 76943/11, § 142, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել