Տիգրան Մազմանյանի խափանման միջոցը վերացվեց

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության կողմից վերացվել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց Մազմանյանը։

«Դրան կհաջորդի Քրեական գործի կարճումը»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ապրիլի 17-ին, ապրիլի 19-ին՝ կալանավորվել։ Ապրիլի 24-ին նա ազատ է արձակվել, խափանման միջոցը փոխվել էր՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է․ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն»:

Մազմանյանի կողմից ենթադրյալ արարքները կատարվել են ապրիլի 14-ին, երբ ցուցարարները և Նիկոլ Փաշինյանը մտել էին Հանրային ռադիո և պահանջում ուղիղ եթեր էին պահանջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել