ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դ. Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գ. Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
Այսպես, դատապարտյալներ Դ. Խաչատրյանն ու Գ. Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից պատիժը կրել են միևնույն խցում: Այդ ընթացքում Դ. Խաչատրյանը խցակցին պարբերաբար առաջարկել է գումարի դիմաց թղթախաղով զբաղվել, սակայն Գ. Արսենյանը մերժել է, որի պատճառով նրանք հաճախակի վիճաբանել են:
2017թ.-ի հունիսի 25-ին Դ. Խաչատրյանը հերթական անգամ խցակցին առաջարկել է գումարի դիմաց թղթախաղ խաղալ: Գ. Արսենյանը հրաժարվել է և պահանջել նման հարցերով չանհանգստացնել իրեն, սակայն Դ. Խաչատրյանը շարունակել է պնդել, ինչը վերածվել է լեզվակռվի և քաշքշուկի, որի ընթացքում Գ. Արսենյանը տաք ջուր է լցրել Դ. Խաչատրյանի դեմքին և հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթև վնաս:
Տեսնելով, որ խցակիցները վիճաբանել են միմյանց հետ, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը պարզաբանումներ կատարելու համար Գ. Արսենյանին ուղեկցել է իր խուց, որտեղ վերջինիս նախատել է իր մտերիմ Դ. Խաչատրյանի հետ վիճաբանելու համար: Այդ ընթացքում խուց է մտել Դ. Խաչատրյանը և թիկունքից հարվածել Գ. Արսենյանի գլխին, ապա` մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կողային շրջանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այնուհետև խցում գտնվող մյուս դատապարտյալները նույնպես Դ. Խաչատրյանի հետ հարվածներ են հասցրել գետնին ընկած Գ. Արսենյանի մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել նրան:
Դեպքից հետո Գ. Արսենյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա մեծ դժվարությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խուց, որտեղ հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է նախնական բուժզննության, ապա տեղափոխվել քաղաքացիական բժշկական կենտրոն:
Այսպիսով, դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Դ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դ. Խաչատրյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար Գ. Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Դ. Խաչատրյանի և Գ. Արսենյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: