Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել: Ամուսիններն ընդամենը կես ժամով էին տնից բացակայել` ժամը 17-ից մինչև 17:30-ը: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր բնակարանի դռան փականը, տնից հափշտակել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույցներ, պայուսակներ, այլ թանկարժեք իրեր` պատճառելով 13 միլիոն դրամի գույքային վնաս:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Գողության մասին ահազանգը ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից, հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք: Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել, հարակից խանութի վաճառողները` նույնպես: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ ոստիկանները մի պահ նույնիսկ մտածում էին, որ հարևաններից կարող էին լինել:
Հետաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանպարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալը ո՛չ Էրեբունի վարչական շրջանից է, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ համայնքից: Առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց դեպքից երկու օր անց: Իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությամբպարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի բնակիչ Սասուն Մ․-ն:
Մայիսի 19-ին մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Սասուն Մ․-ն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին: Սասուն Մ․-ն նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էր, անցյալից դասեր քաղելու փոխարեն կրկին հանցավոր ուղին բռնել, ուղի, որ վաղ թե ուշ ոստիկանություն է բերում: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:Գողոնը մասամբ առգրավված է:
Սասուն Մ․-ն կալանավորվել է: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: