ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, որի համաձայն համաձայն իջեցվում են կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն որոկավորման կոմիտեի ցանկի ամսագրերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ, որոնց սահմանային արժեքների բավարարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք: Սույն նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր, ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի ամսագրերը:
Օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով: Առաջին՝ հաշվի առնելով որակյալ մասնագիտական կադրերի անհրաժեշտությունը Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպես նաև որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը, օտարերկրյա հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրումը կարող է հսկայական նշանակություն ունենալ երկիրը որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ հայրենադարձությունը հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն: Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:
Նախագծի հիմնավորման համաձայն, հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկերում ներառված բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում:
Որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը: