ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր 417 ընդերքօգտագործողներից 60-ը՝ ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ:
Չնայած որ ինչպես Ընդերքի մասին օրենսգրքում, այնպես էլ ընդերքօգտագործման պայմանագրերում հստակ նշված է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ անհարժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ուսումնասիրությունները շարունակվում են: