Հայտնի է իրանական գազի գինը սահմանին․ Էներգետիկայի նախարարը հայտնել է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25-ին, աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:

Նախարարը շրջայց է կատարել ատոմակայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։

Շրջայցից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ի գլխավոր  տնօրեն  Մովսես Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան արժի իրանական գազը Հայաստանի սահմանին: «Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Նա, սակայն, նկատեց, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ: «Այդ բանակցությունները մշտապես լինելու են, մենք իհարկե փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,-նշեց Արթուր Գրիգորյանը:

Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը 2004-ին, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել