Արտակ Զեյնալյանը հանդիպել է բարձրագույն դատական խորհրդի կազմի հետ

Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի քառասունօրյա գործունեության ընթացքում արված հիմնական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Գագիկ Հարությունյանն իր խոսքում առանձնացրել է առանցքային այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է արդարադատության ինստիտուցիոնալ իրականացման համար: Այդ խնդիրները վերլուծելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծվել է երեք հանձնախումբ, որոնք ուսումնասիրում են դատարանների ծանրաբեռնվածության ու գործերի բաշխման, նյութատեխնիկական սպասարկման և դատական իշխանությանն առնչվող օրենսդրական խնդրահարույց հարցերը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Արդարադատության նախարարին ներկայացրել է որոշ հարցերի հետ կապված իր մտահոգությունները: «Շատ տարօրինակ վիճակներ կան, որոնք Խորհուրդը պետք է անպայման քննարկի նախարարության հետ: Հայաստանի 49 դատարանների շենքերից և նստավայրերից 30-ը գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռում, որոնց զգալի մասն այսօր զբաղեցնում են տարբեր տիպի կազմակերպություններ, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում կան դատարաններ, որոնք նույնիսկ չունեն նիստերի դահլիճ»,-ասել է Գագիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ ուղղություններում ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո ամփոփ առաջարկությունների փաթեթը պատրաստ լինելուց հետո պատրաստվում են այն ներկայացնել նախարարին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձ է կատարել դատարանների շրջափակման խնդրին՝ նշելով. «Որքան էլ մեզ համար հասկանալի է, ծանոթ եմ վարչապետի և Ձեր հայտարարություններին, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է դատարանների շուրջ, պարզապես արագ հաղթահարման անհրաժեշտություն ունի: Կալանավորները ներսում են, դատական գործընթաց իրականացնել հնարավոր չէ: Եթե հարցն ունի քաղաքական բաղադրիչ, պետք է քաղաքական լուծում ունենա, եթե քաղաքականից զատ՝ արդարադատական բաղադրիչ, պետք է արդյունավետ իրականացման պայմաններ ապահովել»: Գագիկ Հարությունյանն առաջարկել է համատեղ աշխատել՝ իրավիճակի համար լուծումներ գտնելու ուղղությամբ, նաև նախանշելու իսկապես անկախ և արդյունավետ դատական իշխանության երաշխավորման որոշակի քայլեր:

Խորհրդի նախագահի կողմից մատնանշված մյուս առանցքային խնդիրը վերաբերում էր դատարանների ծանրաբեռնվածությանը: «2013 թվականին Հայաստանում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 137 հազար: 2,8 անգամ ավելացել են այս բնագավառին առնչվող գործերը: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ ավելացումներն ունեն նաև օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լուծումներ, քանի որ շատ հաճախ նույնիսկ ոչ դատարանին բնորոշ գործերը բարդվել են դատարանների վրա»,- նշել է Գագիկ Հարությունյանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ, իր հերթին ողջունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, վստահեցրել է, որ նախարարությունը տեղյակ է բարձրացված առկա հիմնախնդիրների մասին, դրանք ընդգրկված են նախարարության ծրագրերում և լուծման հնարավոր ուղիներ են փնտրում:

«Համոզված ենք, որ պետք է բարելավել դատավորների սոցիալական երաշխիքները, շենքային պայմանները, որոշակիորեն արտադրողականությունը բարձրացնելու նպատակով էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը կնպաստի դրան: Եթե մենք հետևողականորեն ավելացնենք դատավորների քանակը՝ մոտեցնելով օպտիմալին, ապա նաև շենքային պայմանների խնդիրներ ենք ունենալու, օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք պետք է բեռնաթափեն դատարանների ծանրաբեռնվածությունը»:

Նախարարն ընդգծել է նաև այն փաստը, որ ծանրաբեռնված են ոչ միայն քաղաքացիական գործերով դատարանները, այլև վարչական դատարանները: «Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 2 միլիոն վարչական տուգանքի որոշում, որոնցից բողոքարկվում է ընդամենը 800-ից մեկը: Սա վկայում է այն մասին, որ ապահովված չի դատական կարգով և արտադատական կարգով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը: Եթե դրանցից ընդամենը 10 տոկոսն էլ բողոքարկվի, ապա ամբողջ համակարգը կոլապսի կենթարկվի»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ սա անհամաչափ, անարդյունավետ կառավարման դրսևորում է, և նախարարությունն այսօր իր առջև դրել է խնդիր՝ դրանք ներդաշնակեցնել, բերել համաչափության:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նախարարին է փոխանցել Խորհրդի մտահոգությունը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքի որակի բարելավման, օրենսդրական և կազմակերպչական լրջագույն խնդիրների լուծման հետ կապված:

Իր հերթին Արտակ Զեյնալյանն էլ առաջարկել է ուշադրություն դարձնել կատարողական թերթերի հարցին՝ նշելով, որ դատավորի կողմից հայցի առարկան պետք է առաջարկվի այնպես փոփոխել, որ բավարարելու դեպքում այն դառնա կատարողական թերթ:

Հանդիպման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս կարևորել է Արդարադատության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը հատկապես դատական վարույթների ինքնարժեքները որոշելու և էլեկտրոնային արդարադատության կայացման հարցում: Նա նաև ուշադրություն է հրավիրել դատարանների բեռնաթափման համար կարևոր ինստիտուտի՝ վեճերի լուծման այլընտրանքային միջոցներից մեկի՝ հաշտատարության ինստիտուտի կայացման վրա: Հայկ Հովհաննիսյանը փաստել է, որ Նախարարությունն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել է, և ցանկալի կլինի, որ դրանք լինեն շարունակական: Խորհուրդն այժմ մշակում է հաշտարարության ներդրման ամբողջական հայեցակարգ, որը ևս կրկին կփոխանցվի նախարարությանը:

Արդարադատության նախարարի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած մտահոգությունների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել և առաջարկներ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը, Անի Մխիթարյանը, Ռուզաննա Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել