ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.
«Սոցիալական ցանցերում, սուբյեկտիվ ու յուրովի մեկնաբանության ենթարկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ վճիռներ, մասնագիտական առանձին շրջանակներ փորձ են կատարում ձևավորել հանրային թյուր կարծիք, թե իբր խաղաղ հավաքի ժամանակ գործադրված համապատասխան իրավական ներգործության միջոցները ինքնին դիտվում են որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում (մասնավորապես մեջբերվել է «Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի» գործից):
Օգնելով գործընկերներին տեղեկանալ հավաքների ազատության իրավունքի սահմանների և դրա խախտման քրեական հետևանքների վերաբերյալ Եվրոպական դատարանի իրավունքի համակողմանի դիրքորոշումներին՝ առաջարկում ենք ծանոթանալ նաև «Կուդրևիչիուսը և մյուսներն ընդդեմ Լիտվայի» գործով (գանգատ թիվ 37553/03) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի 2015թ. հոկտեմբերի 15-ի վճռին»:
Հասարակությանը զերծ պահելու համար դիրքորոշումների միակողմանի ներկայացման մանիպուլյատիվ ազդեցությունից, զուտ երևույթի մասնագիտական վերլուծության տիրույթում, հարկ ենք համարում մեջբերել նշված վճռից երկու հատված. «(…) Ցուցարարների կողմից բնականոն կյանքը և այլոց կողմից օրինական գործողությունների իրականացումը դիտավորյալ և լուրջ կերպով խաթարելը զգալիորեն ավելի մեծ չափով, քան դա կարող էր պատճառվել հասարակական վայրում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի նորմալ իրականացման պայմաններում, կարող է դիտվել որպես «դատապարտելի արարք»՝ Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով: Հետևաբար, նման վարքագիծը կարող է արդարացնել պատիժների կիրառումը, այդ թվում քրեական բնույթի»(կետ 173):
«Դատարանը գտնում է, որ չնայած դիմումատուները չեն իրականացրել բռնի գործողություններ և չեն հրահրել այլ անձանց դիմելու նման գործողությունների, սակայն երեք հիմնական փողոցների գրեթե ամբողջական փակումը՝ ակնհայտորեն անտեսելով ոստիկանության պահանջները և ճանապարհն օգտագործողների կարիքներն ու իրավունքները, դիտվել է որպես վարքագիծ, որը թեև նվազ վտանգավոր (լուրջ) է, քան ֆիզիկական ուժի կիրառումը, բայց կարող է բնութագրվել որպես «դատապարտելի» (կետ 174):
Խորհուրդ ենք տալիս հրապարակային հայտարարություններ և գրառումներ կատարելիս ծանոթանալ վերաբերելի նյութին ամբողջապես և զերծ մնալ իրավական դիրքորոշումների առանձին մասերի՝ դրանց ենթատեքստից կտրված մեջբերումներով միակողմանի հասարակական կարծիք ձևավորելու անընդունելի գործելաոճից:
Իսկ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանների վերաբերյալ պարզ վերլուծությամբ հետևություններ կատարող գորընկերներին խորհուրդ ենք տալիս գործի նվազագույն նյութերին չտիրապետելու պայմաններում զերծ մնալ կատեգորիկ դիրքորոշումներ ներկայացնելուց՝ պահպանելով մասնագիտական էթիկայի տարրական կանոնները»: