Այսօր՝ մայիսի 15-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացման, քննարկման և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփմանը նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) 28 ներկայացուցիչներ ու փորձագետներ:
«Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող Էմին Երիցյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունները իրենց դերն ու տեղը պետք է տեսնեն տնտեսության կամ օրինակ՝ «Խելացի համայնք» տնտեսական զարգացման ծրագրերում մասնակցության, ինչպեսև դրանց մոնիթորինգի հարցերում.
«Ծրագրի հենց սկզբից հետադարձ կապով համագործակցություն եղել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ և, ըստ էության, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ամբողջ գաղափարախոսությունը նախարարությունը կիսում է։ Օրենսդրությամբ էլ մենք որոշ մեխանիզմներ դրել ենք, բայց, իհարկե, դրանք բավարար չեն։ Այս դեպքում մենք խոսում ենք, որ հենց քաղհասարակության կազմակերպությունները կարողանան կոալիցիաներ ձևավորել և էապես ներազդել պետական քաղաքականությունների ձևավորման վրա։ Հաշվի առնելով, որ նոր կառավարություն ունենք, փոփոխվող հասարակություն, այս պարագայում նոր կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովին, և այս քննարկումն էլ լավ առիթ է, որպեսզի քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան մասնակցել կառավարության ծրագրի կազմմանը»,-նշեց Էմին Երիցյանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով իր խոսքում նշեց, որ կարևորում է նման ծրագրերի առկայությունը և համագործակցությունը կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց տնտեսության ոլորտում հատկորոշված խնդիրներին՝ ՔՀԿ-ների մասնակցության մեխանիզմների թույլ մակարդակին՝ տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, այդ ռազմավարությունների և նախաձեռնությունների բարելավման, ջատագովության, մշտադիտարկման և դրանցում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովման անհրաժեշտությանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Լիլիթ Չիթչյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել հանրային կառավարումը՝ հիմքում ունենալով պետություն-քաղհասարակություն համագործակցությունը․ «Շատ կարևոր է հասկանալ, որ հանրային ղեկավարման դերակատար միայն ՏԻՄ-երը կամ պետական կառավարման մարմինները չեն, դրանք տարբեր մակարդակների ինտիտուտներն են, քաղաքական կուսակցություններն են, խոշոր բիզնեսները, լրատվամիջոցները, ՀԿ-ները, կառավարող ընտրանին, անհատները, և այլն։ Եվ շատ կարևոր է, որ հանրային կառավարումն ընկալվի որպես հանրային իրավունքի իրականացում և բոլոր մասնակցող կողմերը հասկանան, թե որտեղ է շահերի բախումը և ինչպես կարելի է երկխոսել»,-նշեց Լիլիթ Չիթչյանը։
Միջոցառմանը քննարկվեցին նաև էներգետիկ ոլորտում հատկորոշված խնդիրներ, որոնք են՝
- Գյուղական կանաչ տնտեսության և մաքուր էներգիայի նախաձեռնությունների բարելավման և մշտադիտարկման, դպրոցներում այս խնդիրների ջատագովության անհրաժեշտությունը,
- Հանրային աշխատանքների գործընթացում (օրինակ՝ պետական գնումներ) էներգարդյունավետություն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և (կամ) բարելավման ու ջատագովության անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:
Ալիսա Չիլինգարյան