«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը տեղյակ է վերջին շրջանում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումներից:
«Պավել Մանուկյանը շատ ուրախ է, որ վերջապես ժողովուրդը հաղթեց: Ժողովուրդը կարողացավ այնպես անել, որ ինչ-որ բան փոխվի երկրում»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանը նաև հույս հայտնեց, որ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան իրենց գործի վրա:
«Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործով շատերը քրեական հետապնդման են ենթարկվում անօրինական: Մինչ օրս նրանք գտնվում են կալանքի տակ: Այն ժամանակվա իշխանությունները քաղաքական պատվեր էին իջեցնում քննիչներին, դատարաններին, դատախազներին: Սա պետք է վերանա»,-նշեց փաստաբանը:
Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ շատ դատավորներ պետք է անմիջապես հրաժարականի դիմում ներկայացնեն. «Իմանալով, թե իրենք ինչ վատ ու անօրինական արարքներ են կատարել, նրանք չպետք է շարունակեն իրենց գործունեությունը: Այդ դատավորները միանշանակ պետք է հրաժարական տան»: