Մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից:

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թույլ տալով ՃԵԿ խախտում, բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել բետոնե պատնեշին: Վթարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք  ուղևորները, որոնց թվում եղել է նաև մանկահասակ երեխա՝ ծնված 2017թ., ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

Ապրիլի 26-ին մանկահասակ երեխան, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել