Կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ՀՀ ոստիկանության «Լուսանշան» հիմնարկի լուծարման։
Նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ, 2018 թվականից սկսած Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով:
Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահելու անհրաժեշտությունը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Երևան քաղաքի ճանապարհային գծանշումները, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները 2009 թվականից առ այսօր իրականացնում է այդ նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից յուրաքանչյուր տարի իր կանոնադրական խնդիրների ապահովման նպատակով առանց մրցույթի հատկացվող դրամաշնորհի հաշվին:
Ինչպես վերը նշվեց, 2018թ.-ից սկսած նախատեսվում է այդ աշխատանքներն իրականացնել մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով և դրանով պայմանավորված վերանում է հատուկ այդ նպատակով ստեղծված պետական կազմակերպություն ունենալու անհրաժեշտությունը:
Խնդիրը կայանում է նաև նրանում, որ բոլոր հավասար պայմաններում մրցույթում չհաղթելու դեպքում ոստիկանության ենթակա տվյալ ՊՈԱԿ-ը ամիջապես հայտնվելու է սնանկության վիճակում՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ (ժամկետանց , այդ թվում աշխատավարձերի գծով պարտքերի գոյացում և այլն): Այսպես.
«Լուսանշան» ՊՈԱԿ-ի 2016 թ.-ի տարեկան և 2017 թ.-ի 9 ամսվա փաստացի մուտքերը կազմել են՝ 730.5 մլն. դրամ և 566.4 մլն. դրամ, որից համապատասխանաբար ըստ տարիների ՝
– ՃՈ արտաբյուջեից հատկացվող դրամաշնորհը ՝ 727.5 մլն. դրամ կամ 99.6 %-ը և 562.5 մլն. դրամ կամ 99.3 %-ը,
– այլ գործունեությունից մուտքերը՝ 3.2 մլն. դրամ կամ ամբողջի 0.4 %-ը և 3.9 մլն. դրամ կամ 0.7 %-ը:
Նույն ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի՝
– միայն հաստիքացուցակով հաշվարկված տարեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 145.7 մլն. դրամ (90 հաստիք, միջին ամսական աշխատավարձը՝ 134.9 հազ. դրամ),
– էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը, ներառյալ լուսացույցային օբյեկտները կազմել է, ըստ տարիների՝ 46.0 մլն. դրամ և 32.7 մլն. դրամ:
Այսպիսով ակնհայտ է, որ «Լուսանշան» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից հատկացվող դրամաշնորհի գումարներն են, առանց որի նոր նախատեսվող պայմանններում տվյալ պետական կազմակերպությունը գոյատևել չի կարող:
«Լուսանշան» ՊՈԱԿ-ի ընթացիկ տարվա 9 ամսվա հաշվեկշռով ակտիվների հանրագումարը, 01.10.2017 թ.-ի դրությամբ, կազմել են 832.4 մլն. դրամ, որից 784.9 մլն. դրամը, 94.3 %-ը ոչ ընթացիկ իսկ 47.5 մլն. դրամը, 5.7 %-ը ընթացիկ ակտիվների գծով: Ոչ ընթացիկ ակտիվների 96.8 %-ը, 759.7 մլն. դրամ գումարով՝ ամրացված իսկ 3.2 %-ը, 25.2 մլն. դրամ գումարով կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող միջոցներն են: Ընթացիկ ակտիվների գերակշիռ մասը՝ 86.7 %-ը, 41.2 մլն. դրամ գումարով կազմում են ընթացիկ գործունեության ընթացքում օգտագործվող պաշարները: Դեբիտորական պարտքերը կազմում են 1.05 մլն. դրամ, որը շահութահարկի և գույքահարկի գծով գերավճարների գումարն է: Դրամական միջոցների մնացորդը կազմում է 3.9 մլն. դրամ իսկ այլ ընթացիկ ակտիվները՝ 1.3 մլն. դրամ:
Վերը նշված օրվա դրությամբ ՊՈԱԿ-ի ոչ ընթացիկ պարտավորությունները կազմում են՝ 759.7 մլն. դրամ (ամրացված գույքի արժեքը): Ընթացիկ պարտավորությունները՝ 32.0 մլն. դրամ ընդհանուր գումարով առևտրային գործունեության գծով մատակարարներին հաշվեգրված ընթացիկ կրեդիտորական պարտքերն են, որն ամբողջությամբ կմարվի պայմանագրերով սահմանված ժամկետներում՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը: Կազմակերպության սեփական կապիտալի մեծությունը,01.10.2017 թ.-ի դրությամբ կազմում է 40.7 մլն. դրամ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային գծանշումների, ինչպես նաև ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, տեղադրման, սպասարկման և շահագործման աշխատանքների որևէ ընդհատում բացառելու համար նախագծով նախատեսվում է մինչև ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացը սկսելը հետ վերցնել վերջինիս ամրացված Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները և դրանք ամրացնել ճանապարհային ոստիկանությանը:
Որոշման նախագծի հաջորդ կետով հանձնարարվում է ոստիկանության պետին «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել ճանապարհային գծանշումների, ինչպես նաև Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, տեղադրման, սպասարկման և շահագործման ծառայությունների մատուցման պայմանագիր:
ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացը նախատեսվում է սկսել նշված ծառայությունների մատուցման պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո դրանով իսկ ապահովելով ճանապարհային գծանշումների, ինչպես նաև ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, սպասարկման և շահագործման անընդհատությունը: