Նոր տարվա գիշերը անվադողեր այրելու նպատակով դրանք տարել և շարել են գյուղի կենտրոնական հատվածում. դատավճիռ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանի գլխավորությամբ մեղավոր է ճանաչել Ա. Ալավերդյանին և նրա եղբորը՝ շուրջ 20 րոպե  հասարակական կարգը խախտելու համար և դատապարտել է տուգանգի՝ յուրաքանչյուրին 400.000 դրամի չափով:

Գործով ամբաստանյալներ Ա. Ալավերդյանը և նրա եղբայրը մեղադրվում են այն բանում, որ Նոր տարվա գիշերը ավանդաբար անվադողեր այրելու նպատակով հնամաշ անվադողեր են տարել և շարել գյուղի կենտրոնական հատվածում`Լ. Դավթյանին պատկանող խանութից ոչ հեռու:

Խանութի աշխատանքին չխանգարելու նպատակով վերջինիս ամուսին Ս. Գասպարյանը Ալավերդյան եղբայրներին արգելել է խանութի մերձակայքում կրակ վառել, որի հետևանքով նրանց միջև 2-3 րոպե տևողությամբ վիճաբանություն է սկսվել: Միմյանց չհասկանալով, Ա. և Ա. Ալավերդյանները առանց կրակ վառելու, անվադողերը շարված վիճակում թողնելով խանութի մերձակայքում, հեռացել են տուն:

Քիչ անց Ա. Ալավերդյանի հետ նրա առաջարկով վերջինիս ազգականները նորից գնացել են  Լ.Դավթյանին պատկանող խանութի մոտ` անվադողերն այրելու: Անվադողերն այրելու ժամանակ Ս. Գասպարյանի որդի Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով րոպեներ առաջ հոր և  Ալավերդյանների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, փորձել է նրանց արգելել խանութի մոտ անվադողեր այրել, որի կապակցությամբ ներկաները սկսել են քաշքշել և սեռական բնույթի հայհոյանքներ տալ նրան, որի ընթացքում Ալավերդյանները ձեռքով հարվածներ են հասցրել Վ. Գասպարյանի դեմքին: Աղմուկի վրա խանութից դուրս եկած Ս. Գասպարյանը փորձել է պաշտպանել որդուն, Ալավերդյաններից պահանջել է մարել կրակը, սակայն վերջիններս շարունակել են քաշքշել և հայհոյանքներ տալ արդեն Ս. Գասպարյանին, որի ընթացքում Ա. Ալավերդյանը մեկ անգամ ապտակել է նրան, իսկ նրա եղբոր  կողմից Ս.. Գասպարյանին հրելուց և վայր գցելուց անմիջապես հետո Ալավերդյանները հեռացել են դեպքի վայրից:

Քիչ անց դեպքի վայր եկած Ա. Ալավերդյանը, Ս. Գասպարյանին տեսնելով վրդովված վիճակում, նրանից փորձել է պարզել վրդովմունքի պատճառը, սակայն նրա կողմից հասցեագրված անձնական բնույթի հայհոյանքից վիրավորվելով, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Ս. Գասպարյանի աջ ազդրին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս ու հեռացել:

Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար նախաքննական մարմինը  Ալավերդյան եղբայրներին մեղադրանք է առաջադրել:

Մինչև դատաքննությունն սկսելը ամբաստանյալները Ալավերդյանները միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ: Մեղադրողը միջնորդության դեմ չառարկեց:

Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել