Իրավաբան.net–ի ամանորյա հարցերին է պատասխանում երիտասարդ փաստաբան Զարուհի Հայրապետյանը։
-Զարուհի՛, ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։
-2017 թվականը առանձնացավ իր գերհագեցած լինելով, և թե՜ մասնագիտական թե՜ անձնական տեսանկյունից բավականին հաջող էր:
Որպես մասնագիտական ձեռքբերում կարող եմ նշել գործերից մեկով տարած հաղթանակը:
Մասնավորապես. այդ գործով 3 տարի համառ պայքար էր տարվում «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ՝ Կարեն Մեժլումյանի և իմ կողմից:
Արդյունքում 2017 թ. ՀՀ վարչական դատարանը բավարարեց ներկայացված հայցը և Գայանե Շալունցին՝ ով ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի քրոջ դուստր էր և զբաղեցնում էր Գորիսի սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը՝ վերականգնվեց իր նախկին աշխատանքում: Իհարկե, գործը դեռևս գտնվում է վերաքննության փուլում, սակայն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից ակնկալում ենք արդարացի դատական ակտ:
Սույն գործի «բարդությունը» պայմանավորված էր իր քաղաքական ենթատեքստով, ինչպես նաև նրանով, աշխատանքից ազատման հիմքում դրվել էին ակնհայտ անօրինականություններ:
Անձնական տեսանկյունից ձեռքբերումս երկրորդ կեսիս հանդիպելն էր և ընտանիք կազմելը:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
–Որևէ տարանջատում չեմ կատարի, քանի որ իրավական ոլորտում պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող բավականին լավ մասնագետներ ունենք:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում:
-Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանի կողմից կայացված դատական ակտը, որով բավարարել էր արդարացվածի ոչ նյութական վնասի հատուցման պահանջը, հաճելիորեն զարմացրել էր:
Իրավակակիրառ պրակտիկայում արդարացվածի կողմից ոչ նյութական վնասի հատուցման պահանջները մեծ մասամբ չեն բավարարվում: Մեր վստահորդի դեպքում դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ կետը ոչ միայն բավարարել էր հայցը, այլև պարտավորեցրել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը վճարելու մեր վստահորդին 3.000.000 ՀՀ դրամ, գտնելով, որ տվյալ գործում առկա է այն բացառիկ դեպքը, երբ հայցվորի համար վրա է հասել ծանր հետևանք, մասնավորապես հայցվորը զբաղեցրել է բարձր պաշտոն, և զրկվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունից, քանի որ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հայցվորն արդեն իսկ անցած է եղել թոշակի տարիքի /ըստ ծառայողական առանձնահատկության/:
-Զարուհի՛, ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Եթե Ձմեռ պապը իրավաբան լիներ, կարծում եմ «հրաշքների կատարման սկզբունքից» ելնելով կունենայինք միմիայն արդարացի դատական ակտեր, իսկ ձմեռ պապիկին, դե, իհարկե, դատավորի պաշտոն կտայի:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Յուրաքանչյուր տարի Ամանորը և Սուրբ ծնունդը նշում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ միասին, սակայն այս տարին կլինի յուրահատուկ, տարբերվող և սիրառատ, քանի որ Ամանորը կնշեմ իմ նորաստեղծ ընտանիքում:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Անկասկած հայտնվում եմ, և այս տարի ավելի մեծ եռանդով և սիրով կպատրաստեմ ինչպես ավանդական, այնպես էլ յուրօրինակ ուտեստներ:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Ակնկալում եմ և ցանկանում, որ 2018 թվականը լինի խաղաղ, առանց կորուստների և ձեռքբերումներով լի տարի:
-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:
-Թերևս ոչ, և հետաքրքրական է, որ յուրաքանչյուր տարվա համար Ձմեռ պապիկից խնդրած «նվերս» ստացել եմ: Այս տարի ևս բացառություն չէր և ամենաթանկ և ամենագնահատելի նվերը՝ նորաստեղծ ընտանիքս ունեցա և կմաղթեմ, որպեսզի 2018 թվականին բոլորը գտնեն իրենց երկրորդ կեսին և ստեղծեն ամուր ընտանիքներ: