Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել առցանց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական գործերով դատարան դիմելու համար. «Էլելտրոնային տարբերակով դատարան դիմելու դեպքում անձը ապացույցները կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում դատարան կբերի բնօրինակները»։
Նախագծով նաև նախատեսվում է, որ դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել ԴԱՀԿ ծառայություն։
«Սա Doing Business-ի գործակցի վրա դրական կազդի, որովհետև մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված գործողությունները: Այսինքն՝ այլևս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ ծառայություն, այդ քայլը բացառում ենք», – նշեց նա:
Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու առաջարկը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանինն է։