Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`
ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի վերակառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ, հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծի միջանցքում.
սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:
- Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի № 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան: