Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է խուսափել հնարավոր կրկնություններից: Մասնավորապես, առկա կարգավորումների պայմաններում Նախագահի աշխատավարձի չափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, Նախագահի, նրա ընտանիքի անվտանգության ապահովման, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո Նախագահի անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով (հոդված 4, 6):
«Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կարգավորման ենթակա մնում են միայն նախագահի սպասարկմանը (նրան տրամադրվող առանձնատուն, ամառանոց, բժիշկ և այլն) և պաշտոնաթող նախագահի արտոնություններին վերաբերող դրույթները, որոնք ՀՀ նախագահի աշխատակազմից 2017 թվականի նոյեմբերի 28-ին ստացված գրության համաձայն կարգավորվել են այլ օրենքների նախագծերով: Ուստի առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ ինչ վերաբերում է Նախագահի սպասարկմանը և պաշտոնաթող նախագահին տրամադրվող արտոնություններին, ապա ըստ վերը նշված գրության վերջիններս արդեն իսկ նախատեսվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից մշակված այլ օրենքների նախագծերում: