Պաշտոնաթող նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս 80 հազար դրամից: Այս մասին սահմանում է ՀՀ «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

ա) նստավայր Երևանում (Բաղրամյան 26),

բ) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ,

գ) պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,

դ) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,

ե) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անձն անձեռնմխելի է: Նրա անվտանգության, պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության գործունեությունը ֆինանսավորվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համար սահմանված սպասարկման և անվտանգության ապահովման պետական ծառայություններից:

Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` հանրապետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի համապատասխանաբար 75 և 60 տոկոսի չափերով:

Նշված հատուկ թոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում նախկին Նախագահը կամ փոխնախագահը վարում են որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում գործող Նախագահի աշխատավարձի 80 (փոխնախագահի համար` 60) տոկոսի չափը գերազանցող վարձատրություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահը ապահովվում է բնակարանով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել