Եվս մեկ տարով կերկարացվի օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հավանությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը՝ ստորև բերված հիմնավորումներով: Նշված հիմնավորումների համար հիմք են հանդիսացել Հայաստանում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի վերլուծությունները, որոնք իրականացվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:

Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.43%-ը: Ինչպես վկայում են միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, այն երկրներում, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումները, նշված ցուցանիշները անհամեմատ բարձր են, օրինակ՝ Լիտվայում այն կազմում է 9.2%, Գերմանիայում` 19.4%, Ֆրանսիայում` 24.6%, Էստոնիայում` 33.4%, Շվեյցարիայում` 47.6%:

Ելնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալներից՝ օտարերկրյա քաղաքացիների հետ վերջին տարիներին տարեկան միջինում շուրջ 1500 աշխատանքային պայմանագրեր են կնքվել, որն ունի աճի միտում: Սակայն հարկ է փաստել, որ 2016 թվականին աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման ժամանակահատվածում (մոտ 2 ամիս) գործատուները դիմել են 26 օտարերկրյա քաղաքացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով: Եթե դիտարկենք տարվա կտրվածքով, ապա այդ թիվը կարող է կազմել շուրջ 200, ինչը վկայում է այն մասին, որ աշխատող օտարերկրացիների զգալի մասը գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ՝ ունենալով այլ հիմքով կացության կարգավիճակ:

Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63%-ն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ: Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները: Ավելին, բարձր որակավորում ունեցող մասնագետներն աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում`  Հայաստանի Հանրապետությունում (բարձր որակավորում ունեցող որոշակի ոլորտների մասնագիտություններ ունեցող օտարերկրացի մասնագետներին իրավունք է վերապահված աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության` համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 493-Ն որոշման), ազատված են աշխատանքի թույլտվությունից: Որոշ երկրներ վարում են նաև «ուղեղների ներգրավման» քաղաքականություն, այս շրջանակներում իրականացնում են նպատակաուղղված կոնկրետ ծրագրեր, օրինակ` Եվրամիության «Կապույտ քարտ»-ը, բրիտանական «Բարձրակարգ մասնագետների ծրագիրը» և այլն:

Վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողները հիմնականում ներգրավված են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Նշված պարագայում, ինչպես վկայում է նաև միջազգային փորձը, ներքին աշխատաշուկան թիրախավորված և լիարժեք պաշտպանելու համար անհրաժեշտ է աշխատանքի թույլտվությանը զուգահեռ ներդնել օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման համակարգ, որը կարող է սահմանվել ըստ երկրների, տնտեսության ճյուղերի և մասնագիտությունների:

Աշխատաշուկայի կարգավորման տեսանկյունից՝ հատկանշական է նաև երկրում գործազրկության բարձր (2017թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 17.8%) և զբաղվածության ցածր մակարդակները (2017թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 49.7%) (նախորդ երկարաժամկետ հատվածում ևս գործազրկությունը երկրում ունեցել է բարձր, իսկ զբաղվածությունը՝ ցածր մակարդակ): Այս իմաստով կարևոր է, որ թափուր աշխատատեղերը առաջնահերթ և առավելագույնս զբաղեցվեն ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ գործազուրկների կողմից: Սակայն մյուս կողմից՝ օտարերկրացիների մուտքը Հայաստան կարող է ունենալ դրական ազդեցություն աշխատաշուկայի զարգացման, ինչպես նաև բնակչության մեխանիկական աճի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ.

  • աշխատաշուկայում կան կրկնվող թափուր աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ չեն համալրվում աշխատուժի ներքին առաջարկով,
  • օտարերկրացիները գալիս են ընտանիքների հետ միասին, ինչը արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշռի վրա կունենա դրական ազդեցություն:

 Ամփոփելով իրականացված վերլուծության արդյունքները՝ մասնավորապես կարելի է փաստել՝

  • Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը ընդհանուր զբաղվածների թվաքանակի մեջ կազմում է փոքր տոկոս, իսկ տեսակարար կշիռը՝ անհամեմատ ցածր է այն երկրների ցուցանիշի համեմատ, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումներ և քվոտավորման մեխանիզմներ,
  • օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ և Հայաստանում իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն՝ միաժամանակ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատված լինելով աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից,
  • նախորդ տարիների համեմատ օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը Հայաստանում ունի որոշակի աճման միտում, սակայն ոչ այնքան, որ ունենա էական ազդեցություն աշխատաշուկայի պահանջարկի վրա,
  • լրացման կարիք ունեն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, որոնք վերաբերում են Հայաստանում օտարերկրացիների զբաղվածության հարաբերություններին: Մանավորապես, համապարփակ և թիրախավորված կարգավորումներ ունենալու համար անհրաժեշտ է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության գործիքին զուգահեռ ներդնել օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման ճկուն մեխանիզմներ,
  • աշխատաշուկայի իրավիճակը ներկա փուլում չի կարող գրավիչ համարվել օտարերկրյա աշխատուժի համար՝ նկատի ունենալով գործազրկության բարձր մակարդակը, աշխատավարձերի ցածր մակարդակը, թափուր աշխատատեղերի սակավը և այլն:

Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կասեցման պահանջը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել