Բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները

Իրավաբան.net-ի ընթերցողներից Մարիամ Գրիգորյանը հարց էր ուղղել, թե ո՞րն է  բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները:

Պատասխան.

Բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու ընթացակարգը և տրվող արտոնությունները նախատեսված են Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծով /առայժմ նախագծի տեսք ունի, գտնվում է քննարկումների փուլում/:

Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն.

բազմազավակ ընտանիքը` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքն է, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել և (կամ) որդեգրել են և խնամում են չորս և ավելի  երեխա: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները:

Նույն Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի համաձայն.

1.Սույն օրենքով սահմանված հիմքերի առաջացումից հետո բազմազավակ ծնողներից մեկը «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը (այսուհետ` Կարգավիճակ) ստանալու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին): Կարգավիճակը ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ և տրվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսի 1-ից:

2.Կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.Կարգավիճակը տրվում է մինչև բազմազավակ ընտանիքում ծնված (որդեգրված) կրտսեր երեխայի 18 տարեկանը լրանալը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող լինելու դեպքում` մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը, իսկ միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողի դեպքում` մինչեւ ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը):

4.Օտարերկրյա քաղաքացի բազմազավակ ծնողին Կարգավիճակ տրվում է, երբ նա առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն.

Կարգավիճակի տրամադրումը մերժվում է

  1. Կարգավիճակի տրամադրման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,
  2. ծնողի կողմից Կարգավիճակի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու,
  3. Կարգավիճակ ստանալու համար ծնողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումը

Նախագծի 9-րդ և 11-րդ հոդվածներիի համաձայն.

Սույն օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ աջակցության տեսակների:

Բազմազավակ ընտանիքներին տրվում են աջակցության հետևյալ տեսակները.

  1. սոցիալական աջակցություն,
  2. բժշկական օգնություն,
  3. բնակարանով ապահովման պետական աջակցություն,
  4. կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,
  5. գյուղատնտեսական տեխնիկայի,  գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,
  6. երեխաների կրթական աջակցություն:

Վերը նշված աջակցության տեսակների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բազմազավակ ընտանիքների մասին ՀՀ Օրենքի նախագծի 21-րդ հոդվածի համաձայն.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել