Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստ տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց տրվում է հետևյալ տևողությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդ.
- 140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
- 155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
- 180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Ժամանակից շուտ ծննդաբերությունը և հղիության ընդհատումը
- Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
- Հղիության 154-րդ oրը և 154 oրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
- Մինչև հղիության 154-րդ oրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` օրենքով սահմանված կարգով:
Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկի տրամադրումը
Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի uերիան ու համարը: