Բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստում ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած  «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները: Այս մասին տեղեկացնում են Երևանի բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից:

Ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ծանոթացան ծրագրի շրջանակում վերանորոգված և վերազինված լսարանային պայմաններին, զրուցեցին սովորողների հետ:

Բժիշկ և ոչ բժիշկ մասնագետների համար մեկ տարի տևողությամբ  կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստումը ժամանակի պահանջն է: Նրա խոսքով այս ծրագրի նպատակն է մեր երկրում ներդնել ու զարգացնել «հոսպիտալ մենեջմենթի» գաղափարը , ինչպես նաև ժամանակակից կրթական ծրագրերի միջոցով պատրաստել առողջապահության կազմակերպիչներ:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ նշեց, որ այս բուհի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ բժշկական համալսարանը, թե´ տեղացի, թե´ օտարերկրացի ուսանողների թվով առաջատար բուհերից է:

Առողջապահության ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը վստահ է, որ դասընթացի շնորհիվ համատեղ ուժերով կհաջողվի ստեղծել բուժհաստատությունների կառավարման նոր՝ հայկական մոդել:

Նշենք, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի, ինչպես նաև  արտերկրից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել