Կրակի միջոցով անտառներ վնասելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի  13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:

Ի պատասխան տրամադրված՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության Քարաձոր համայնքին հարակից անտառամասում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճեններում առկա են եղել ինքնությունը չպարզված անձի կողմից կրակի հետ անզգույշ վերաբերվելու արդյունքում «Սպիտակի անտառպետության» թիվ 6-րդ պահաբաժնի տարածքում անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները վնասելու վերաբերյալ տվյալներ: Միաժամանակ տեղեկացվել է, որ տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ տեսչական մարմնում նյութեր չեն նախապատրաստվել:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվել ոչ թե անտառային ֆոնդի մեջ մտնող տնկարկները ոչնչացնելու, այլ՝ չոր խոտածածկույթը այրվելու դեպքի կապակցությամբ:

Ստացված փաստաթղթերը ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին,  հանձնարարվել է հաշվառել դեպքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:

Նախապատրաստված նյութերով ձեռնարկված գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. սեպտեմբերի 20-ին՝ Վանաձոր քաղաքի բնակիչը Լոռու մարզի Քարաձոր գյուղի իր հողամասը մաքրելու նպատակով լուցկու միջոցով հրկիզել է այնտեղ գտնվող չորացած բուսականությունը: Սակայն կրակի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում հրդեհը հողամասից տարածվել է դեպի հարակից՝ Սպիտակի անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածք, ինչի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել են անտառային ֆոնդի մեջ մտնող և արժեքավոր տեսակներ  համարվող թվով 530 հատ «Սոճենի» տեսակի արժեքավոր ծառեր և այլ տնկարկներ՝ առաջացնելով խոշոր՝ 15,9 մլն. ՀՀ դրամի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել