Քաղաքապետարանը կծախսի 54 միլիոն դրամ՝ ամանորի նախապատրաստական աշխատանքների համար

Ամանորի միջոցառումների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կծախսի 54 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ սա նախորդ բոլոր տարիներին հաստատված կայուն թիվ է, բացի 2016 թվականից. «Ավելի մեծ միջոցներ տրամադրվեցին սոցիալապես անապահով խավին՝ պայմանվորված ապրիլյան պատերազմով»:

Արամ Սուքիասյանը նաև նշեց, որ Հանրապետության հրապարակի տոնածառի ձևի և չափերի հետ կապված ոչ մի փոփոխություն չի կարող լինել, քանի որ դա հավելյալ ֆինանսական միջոցներ կպահանջի. «Ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձևավորումներով, լուսային մոտեցումներով, խաղալիքների բազամազան տեսականիով  մի քիչ այլընտրանք բերել մեր մայր տոնածառին»:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքապետարանը ստուգատես է անցկացնում կապված Ձմեռ պապիկի հագուստի և կերպարին համահունչ լինելու վերաբերյալ. «Մենք հետևելու ենք, որպեսզի մեր Ձմեռ պապիկները ինչպես հանրապետության հրապարակում, այնպես էլ Ազատության հրապարակում լինեն իրենց կերպարին բնորոշ»:

Արամ Սուքիասյանը նաև անդրադարձավ մարդկանց մի մասի բողոքներին, որ քաղաքում ձևավորումը անընդհատ կրկնվում է և նոր տարին իր հետ ոչ մի նորություն չի բերում:

«Նույնը չի լինում: Միայն Հրապարակի սառցե շատրվաններն են, որ փոփոխության չեն ենթարկվելու: Ամեն տարի տարբեր ձևաչափերով է արվում, չի կրկնվում: Շատ լավ գաղափար է սառցե շատրվանը և այն փոխելու անհրաժեշտություն չենք տեսնում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել